2012թ-ից Արագածոտն մարզի Կոշ համայնքում հիմնվեց և իր գործունեությունը սկսեց նորակառույց և նորագույն սարքավորումներով հագեցած «Արմենակ և Աննա Թադէոսեանների» անվան մանկական վերականգնողական կենտրոնը: Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց վերականգնողական կենտրոն նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներից ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաների համար։ Կենտրոնի գործունեությունը նպաստում է երեխաների ֆիզիկական կարողությունների վերականգնմանը, մտավոր ունակությունների զարգացմանը, շրջապատող միջավայրում ադապտացիայի, ինքնուրույնության ձեռքբերման:
Երեխաների տեղափոխումը իրենց տանից դեպի վերականգնողական կենտրոն իրականացվում է հարմարավետ ավտոբուսներով, կազմակերպվում է վերականգնողական թերապիաները, տրվում է երկանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ, կազմակերպվում նրանց ազատ ժամանցը և հետ տեղափոխում դեպի իրենց տուն: Ցերեկային ստացիոնարը իրականացվում է 09:00-ից մինչև 17:00, շաբաթը՝ 5 օր: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում ծնողին ազատ տնօրինել իր ժամանակը՝ աշխատել և, առհասարակ, հետ չմնալ սոցիալական կյանքից: Ստացիոնար ծառայությունը հնարավորություն է տալիս հեռավոր մարզերից երեխաներին սպասարկել։
Այսօր կենտրոնը սպասարկում է օրական 28 երեխայի: Կենտրոնում գործում է ֆիզիոթերապիայի, հիդրոթերապիայի, էրգոթերապիայի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, մանկական հոգեբանի կաբինետներ։ Յուրաքանչյուր երեխա օրական առնվազն ստանում է երեք թերապիա։ Վերականգնողական ծառայությունները կոորդինացվում են մանկական օրթոպեդի, նյարդաբանի և վերականգնողաբանի կողմից։
Կենտրոնը կենսունակ է բարեգոծական հիմնադրամների, անհատ բարերարների և պետության աջակցության շնորհիվ։ Իր գործունեության 7 տարիների ընթացքում կենտրոնը սպասարկել է ավելի քան 2200 (երկու հազար երկու հարյուր) երեխաների։